Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
Sunday 14 October 2007
Կառչե՛նք բուն արժէքներին

«Համապարփակ մի կացութիւն, որի մէջ կարող է ծաղկել, արգասաւորւել պատւախնդրութիւնն ու բարոյականութիւնը»:
Ահաւասիկ, մշակոյթ հասկացութեան կապակցութեամբ այսպիսի միջին մի եզրի ըմբռնումով եթէ նայելու լինենք մեր ներկայ ազգային կացութեան, ցաւօք սրտի, օրը օրին առաւելապէս դէպի յոռի երեւոյթները միտող դրսեւորումներին, ապա կանդրադառնանք, որ մշակոյթին ու ազգային արժէքներին նւիրւած, այլեւ անմնացորդ նկրտումներով ծառայող ու սիրտ ցաւեցնող որեւէ ազնիւ անհատի համար եօթգլխանի վիշապի պէս վիզ են ցցում մի քանի անշրջանցելի ու սպառնացող մարտահրաւէրներ:
Նախ, ունենալ մշակոյթ, այն էլ հարուստ ու դարաւոր մշակոյթ, նշանակում է ունենալ ինքնութիւն, իսկ ինքնութիւնէութիւն ունենալը անհրաժեշտ պայմանն է թէ՛ ազնիւ նկարագրի, իբրեւ անհատ, թէ՛ ոգեղէն արժանիքներով ապրելու երանութեան, իբրեւ հաւաքականութիւն: Առանց էութիւն-ինքնութիւն ունենալու՝ մարդը նման է անգոյն տերեւի, իսկ ազգը՝ ծառի անգոյն...Առայժմ հեռու ենք «համապարփակ մի կացութիւն»-ից, քանի որ մեր ազգի զաւակները, առնւազն տարածական առումով, սփռւած են՝ Կանադայից մինչեւ Ովկիանիա ու Հարաւ. Ամերիկայից մինչեւ Միջին Ասիոյ անապատները, ինչ որ անմիջապէս ենթադրել է տալիս, թէ նրանք ապրում են (իրականում՝ միմիայն ֆիզիկապէս գոյատեւում են)՝ տնտեսական, քաղաքական, հասարակական ու մշակութային ամենաայլազան եւ ամենատարբեր միջավայրերում, որոնց միջեւ չի կարող գոյութիւն ունենալ որեւէ աղերս կամ գէթ-գոնէ՝ նմանութիւն ու նոյնութիւն:
«Պատւախնդրութիւն - բարոյականութիւն» հասկացումն էլ ոչ միայն հեռու է «ծաղկելուց» կամ «արգասաւորւելուց», այլեւ օրը օրին թուլանում է հիմքից ու արմատից՝ համաշխարհայնացում-գլոբալիզացիայի (իմա՝ արեւմտեան «մշակոյթ»-ի) հրէշային գլան-մտրակի անխնայ հարւածների տակ, ինչ որ «կենսագործւում» է մեր զանգւածային տեղափոխումների ու ամենակուլ արտագաղթերի յոռի երեւոյթների միջոցով:
Ո՞րն է ելքը: Ո՞րն է փրկութեան ուղին:
Ահաւասիկ հարցը, որը պիտ զբաղեցնի իւրաքանչիւր ազնիւ մարդու եւ պատւախնդիր հայ անհատի միտքն ու հոգին՝ իր ամենօրեայ եւ ամենժամեայ թրթիռով ու յաճախականութեամբ:
«Համապարփակ կացութեան» հասնելը մինչեւ (ներկայ Հայաստանի եւ Արցախի անկախութեան պահպանում ու պետականութեան ամրակայում, ինչու չէ նաեւ Հայ Դատի քաղաքական լուծում ու հողահաւաք-հայահաւաք, որը պիտ ծաղկի, արգասաւորւի օրէնքի, արդարութեան ու խղճի հովանու ներքոյ)՝ կառչել բուն արժէքներին՝ ընտանիք, եկեղեցի, դպրոց, հեռու մնալ նիւթական կեղծ չափանիշերից, խաբուսիկ փայլերից, օտարամոլութիւնից ու սնափառութիւնից, մեր մանուկներին կրթել մարդկային ու ազգային հոգով, սիրել տալ գիտութիւնը՝ գիտութեան եւ արւեստը՝ արւեստի համար: Միշտ յիշել տալով, որ արւեստը արհեստ չէ, իսկ արհեստը՝ կուտակելու եւ հարստանալու միջոց:
Ահաւասի՛կ՝ ճանապարհ, որով անցնել պիտի, թէկուզ այն երբեմն լինի խորդուբորդ ու քարակոյտ... Այլապէս,- այլապէ՜ս, աշխարհի նոր համակարգի (աւելի ճիշտ է ասել՝ հակակարգի) լայնանիստ ու ծանրանիստ ճամբաները կանցնեն մեր վրայով, կանցնեն հարւածելով ու հարթեցնելով ամէն արժանիք... մեզ համար (հայկազուն մարդու համար, Մաշտոցական մարդու համար) երկրագունդը կը դառնայ սեւ թելերի մի կծիկ, որի ասֆալտի ահագնանիստ ու խեղդող ճնշման ներքոյ շնչելու առիթ չի ունենայ նոյնիսկ մի փոքրիկ մանուշակ, ծաղիկը մեր այնքան ցաւեր տեսած սրտի...


«Ալիք» ի էջերում....

Monday 30 July 2007
ԱՆՁՐԵՒԱՅԻՆ ԱՌԱՒՕՏ
Այս անձրեւոտ առաւօտ, այս միգապատ առաւօտ,
Քեզ եմ յիշել կրկին ես, իմ հարազատ հեռու-մօտ.
Ջնջել էի իմ մտքից ու հոգուց տեսքդ ծանօթ,
Սակայն եկել ես կրկին հմայքներով արեւոտ։

Այս անձրեւոտ առաւօտ, քե՛զ եմ յիշել, սէր իմ խենթ,
Որ բռնեցիր անյայտի ձեռքը յանկարծ, հեռացար.
Չհեռացար իմ սրտից, բայց թւացիր արահետ,
Որ մոլորւում է յաւէտ պուրակների մէջ անծայր։

Այս միգապատ առաւօտ քեզ եմ յիշել, սէր իմ խենթ,
Որ բռնեցիր օտարի, անծանօթի ձեռքը միշտ.
Իմ երազում դու նորէն կապւել էիր մէկի հետ,
Բայց այս անգամ պատկերն այդ ինձ չբերեց ոչ մի վիշտ։

Զի տեսնելդ ինձ համար բաւարար էր, սիրելիս,
Զի քերթողի համար լոկ բաւարար է մէն մի թել…
Զի՝ «Ուրիշները միայն քեզ օգնում են հանւելիս,
Սիրում եմ քեզ, քանզի դու օգնում ես լոկ հագնւել»։

* * *

Հիմա քաղաքն է փայլում, մաքրւելով իր մէգից,
Փոքրիկ արեւ է ծագում, օդը թեթեւ է… դայլայլ…
Մարդն էլ այդպէս է փրկւում սրտի խոցից ու վէրքից,
Նա կարօտով է մաքրում հոգու թխպերը մռայլ…

12.3.99
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ԱՐԵՒԻԴ ՄԵՌՆԵՄ
Դու ուզել ես քեզ գրեմ մի նամակ,
Խոստովանութեան պարզ ուղին բռնեմ.
Իսկ ես սէր եմ ու կարօտ եմ համակ,
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…։

Դու ասում ես որ՝ շառ կայ ու վտանգ,
Եւ կարող են մեզ մեղքի մէջ բռնել.
Միթէ այդպէս չէ՞ր ընդմիշտ, շարունակ.
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…։

Քեզ համար ես մի՝ «Երազ էի թանկ»,
Եւ կարող էի քո «Կեանքն էլ առնել»,
Հիմա ինչպէ՞ս եմ դարձել «խեղկատակ»
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…

Դու ինձ համար մի արեւ էիր բարկ,
Իսկ հիմա նաեւ՝ սառցէ բեւեռներ.
Չդառնամ յանկարծ՝ սառոյցին՝ կրակ.
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնեմ…։

«Կեանքը կարճ է շատ, չկայ ժամանակ
Սիրոյ մասին չար որոշում առնել».
Գիտես ու կրկին անում ես կատակ.
-Արեւիդ մեռնեմ, արեւիդ մեռնե՜մ…

13.12.01
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
* * *
Ես ամէն վայրկեան սպասեցի քեզ,
Իբրեւ կանա՛չ ուխտաւորի սպասող մի մատուռ անդուռ,
Եւ քեզ սպասելով լեցւեցի վայրկեաններով,
Որից այն կողմ
Մնաց մի անժամանակ տարածութիւն՝
Յաւերժութիւն՝
դու՛…

27.7.01
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Someone? Sometime?
Sometime,
Maybe not from this place,
Someone
of no defined race,
May surely show up.
And speak with my mouth,
and then
Compose a song of faith,
That shimmers like dreams
In the limpid blue eyes
of a smiling child?
Someone
Who speaks with my mouth
of cracked pomegranates,
as the green rain
Cries with my eyes and
rejoices at sunrise?
Come what may?
Even under the heel of gray steel?
Someone with my hands
Will offer Bread?Blue Bread
And Green Wine?
Someone
will emit a song of rain
from my own chest.
Someone, sometime?

Varand
Translated by Tatul Sonentz
Theatre
Old curtain of the stage,
Tireless, over countless years
You have rolled up and down,
And now your single role
Is to cover a hole.
Today, you hide a passage
To a space of backdrop-storage?
And in a gesture of kindness,
The new curtain rolls down
And veils your shabbiness?
Old curtain of the stage?

Varand
Translated by Tatul Sonentz
C'est seulement avec toi
(ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԵՏ Է)
Թարգմանեց՝ Լուիզա Սարեանը


Les jours sont froids, sombres et moroses,
Les vents sont violents et la vie émiettée,
Toi tu n'es pas d'ici, moi un autre de la rive,
C'est seulement avec toi que je ne suis pas triste.

Nous ne sommes ni proches, ni au repos,
Ni séparés l'un de l'autre, ni étrangers,
Dis voir où va nous sourire la chance,
Peut-être en rêve, dans cette brûlante nostalgie.

C'est toujours le même café enfumé,
Mais cette fois-ci tu es au loin;
Tu te trouves dans un endroit tel
Que les océans remplissent les siècles…

De ce côté…obscur, bloc de glace,
Regarde un peu comme je tremble, dans l'insignifiance;
Je t'ai ouvert tout mon lyrisme,
C'est un livre de poésie, vide de page en page.

La soirée est vaine, vide dans l'obscurité,
C'est un vent perdu, qui broie les feuilles,
Comme l'églantier au parvis du monastère,
C'est seulement avec toi que je ne suis pas triste.

VARAND
25.04.04
"Chémiran"
Danco-21

Tuesday 24 July 2007
ՍԻՐԵՐԳ
Դող ու սարսուռ է, երեկոյ է ջինջ,
Շողերի փունջ է, ծաղիկ է հրկէզ.
Ով՝ ինչ-որ ինչ է, ով՝ փուչ է, ոչինչ,
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։

Կարօտի գոյն է, նարօտի երանգ,
Թրթիռ ու թոյր է, թառանչ աղեկէզ.
Մէկը հեռու է, երկուսը երազ.
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։

Տունդ իմ բոյնն է, բոյրդ ամենուր
Շաղել է՝ գարնան թովչանք, շուք ու ծէս.
Մէկը լալիս է, մէկն էլ մունջ է, լուռ.
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։

Փունջդ անուրջ է, շունչդ կախարդանք,
Շուրջդ մրմունջ է, շշունջդ պէս-պէս.
Մէկը խելօք է, մէկն էլ խենթ է, կեա՛նք,
-Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ։

6.8.98
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
* * *
Եթէ մի տեղ նուշ կայ ծառի վրայ,
Ենթադրում է՝ շուրջը արեւ,
ծաղիկ,
ճիւղ,
անտառային խոնաւութիւն,
լուսաբաց,
շող։
Աչքերդ են՝ դէմքդ։

Եթէ մի տեղ բալ կայ ճիւղի վրայ,
Ենթադրում է՝ շուրջը ստւեր,
սարսուռ,
խէժ,
քաղցրութիւն,
կապոյտ,
կաթնագոյն-դեղին տարածքներ։
Լանջդ է՝ կուրծքդ։

Եթէ մի տեղ դու կաս,
այնտեղ կայ՝ նշենի, բալենի…

29.9.96
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
* * *
Աշնան նշոյլ է նշմարւում
Անոյշ նայւածքիդ նուշում,
Անուրջ ներշնչում այս մղձաւանջում.
Դրա համար եմ
Մոլորւում աչքիդ մեղոյշ մշուշում,
Կորա՛ծ որբի պէս
Ինքս ինձ յուշում՝
Ոսկէ դղեակ կայ
Այս ճամբի վերջում։

Աշնան նշոյլ է նշմարւում
անոյշ նայւածքիդ նուշում…

98 թ.
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Ի՞ՆՉ ԱՆՈՒՆ ԴՆԵՄ. . .
Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Լուսա՞ստղ ու ծաղի՞կ, որ բացւեց կողքիս,
Թէ՞ տարիներիս անկումի վկայ,
Որ ինձ յետ տւեց՝ առնական ոգիս։

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ հիմա,
Սէ՞ր, անրջա՞նք, լո՞յս, կարօ՞տ ու ցնո՞րք,
Թէ՞՝ ատրուշանից առանձնացած ջահ,
Որ սառն տրոփը դարձնում է բորբոք։

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, լաւըս,
Որ ինձ յետ տւիր այն ամէնը, որ
Մի օր կորցրեցի ու դարձան ցաւըս,
Իսկ արդ փայլում են հեւքով հեշտօրօր։

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, սէ՛րըս,
Կախարդա՞նք, հրա՞շք, հայելի՞, ակնաղբի՞ւր.
Սրբազան չարի՞ք, թէ՞՝ մեղաւոր տէրըս
Բարիք բովանդակ, բալասան ու բոյր։

Ի՞նչ անուն դնեմ քեզ վրայ, հիմա,
Արե՞ւ անսքող, որ բացւեց կրկին.
Լոկ գիտեմ, որ քեզ կը սիրեմ մինչ մահ,
Դու կեա՜նք, դու ծնո՜ւնդ, դու ցնորք, դու կին՜։

31.8.01
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Monday 16 July 2007
ՄԻԱՅՆ ՔԵԶ ՀԵՏ Է
Օրերը ցուրտ են, անլոյս ու մռայլ,
Հողմերը շատ են ու կեանքը փխրուն.
Դու այստեղում չես, ափում ես մի այլ,
Միայն քեզ հետ է, որ ես չեմ տխրում։

Ոչ իրար մօտ ենք մենք հանգիստ գտնում,
Եւ ոչ իրարից բաժան եւ օտար.
Ասա՝ որտեղ է բախտը մեզ ժպտում,
Գուցէ երազում, կարօտում այս վառ։

Նոյն սրճարանն է նորից մղկտում,
Սակայն այս անգամ դու շատ ես հեռու.
Գտնւում ես մի այնպիսի կէտում,
Ուր ովկիաններն են դարերով եռում…

Քիչ այն կողմ… խաւար, շերտը սառոյցի.
Տես ոն՜ց եմ դողում ունայնութեան մէջ.
Ամէն ջերմութիւն քեզանից բացի,
Քերթութեան գիրք է դատարկ՝ էջ առ էջ…։

Երեկոն սին է, պարապ կայ մթնում,
Կորած քամի է, տերեւ է փխրուն.
Ինչպէս մասրենին վանքի գաւիթում,
Միայն քեզ հետ է, որ ես չեմ տխրում…

25.4.04
Շեմիրան
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ԲՈՅՐՈՎ ՄՈԳԱԿԱՆ
Սիրում եմ արեւ, սիրում եմ եւ գոյն,
Ծաղկած ծառերի բոյրը մոգական.
Իսկ քեզ սիրում եմ, սիրում եմ թաքուն,
Դրա համար էլ՝ թանձր ու խոր այսքան։

Սիրում եմ ամառ, սիրում եմ գարուն,
Սիրում եմ աշուն, ցուրտ ձմեռն անգամ.
Իսկ քեզ սիրում եմ անտես ու թաքուն,
Դրա համար էլ բազմագոյն այսքան։

Սիրում եմ ապրել, երազել անքուն,
Երգել՝ կեանք, պայքար, իբր լուսէ պատգամ.
Իսկ քեզ սիրում եմ լռելեան, թաքուն,
Դրա համար էլ իրական այսքան։
…Ամէ՛ն ինչ կը տամ անցաւոր կեանքում,
Չեմ խորշում մահից՝ վախճանից անգամ.
Լոկ ապրի սէրդ, թէկուզ եւ թաքուն,
Ծաղկած ծառերի բոյրով մոգական։

5.10.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ԱՆՁՐԵՒՈՏ ԳԻՇԵՐ
Մեր մտերմութեան գիշերն առաջին
Այնուհետ կոչւեց «Անձրեւոտ գիշեր»,
Հիմա էլ կրկին գիշեր է, անգին,
Ու մայթին՝ խելառ անձրեւի շիթեր։

Այնուհետ քանի՜ նամակներ, էջեր,
Այնուհետ քանի՜ հանդիպում կարճ, կէս,
Այնուհետ քանի՜ դէմքեր ու աչեր,
Սակայն կրկին, ես տես՛ սիրում եմ քե՜զ։

Այնուհետ քանի ժխոր, անցուդարձ,
Այնուհետ քանի դադար անդադար.
Այնուհետ քանի փսփսուք, կասկած,
Այնուհետ քանի արգելք ու պատւար։

Այնուհետ քանի երթ ու վերադարձ,
Այնուհետ քանի յոյսի թոյլ նշոյլ,
Այնուհետ քանի մրրկում, անսանձ,
Այնուհետ քանի խաւար աստղաբոյլ։

Սակայն ես կրկին լոկ սիրում եմ քե՛զ,
Ինչպէս չոր մայթը՝ անձրեւի շիթեր.
Զի մեր միացման թւականը կէզ
Այնուհետ կոչւեց՝ «Անձրեւոտ գիշեր»…

17.11.04
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Saturday 14 July 2007
ԴՈՒ ԴԵՌ ՉԳԻՏԵՍ. . .
«Ինձ յիշիր, երբ անձրեւում է. . . »
քո խօսքերից

Դու դեռ չգիտես,
Որ ամեն անձրեւ իր գոյնն ունի,
Դու դեռ չգիտես, որ ամեն անկիւն
Մութ ունի ուրոյն.
Դու դեռ չգիտես,Որ ամէն երազ
յուշ է դեռ բողբոջ,
Ու ամէն մի յուշերազ է դողդոջ։

Դէ, որ չգիտես,
Արի, լսիր, տես՝
Քեզ սիրում եմ ողջ
Վայրերում թափւող անձրեւների չափ,
Թաքուն խորհրդով ողջ ստւերների,
Ողջ երազների, որ յուշ են դառել
Եւ ողջ յուշերի, որ ծաղկեն պիտ դեռ։

Իմ անձրե՜ւ , իմ յո՜ւշ,
Իմ երա՜զ, իմ սէ՜ր…

2.11.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Monday 9 July 2007
***
Խմեմ դառն մի սուրճ, ծխեմ դառն սիգար,
Գուցէ խաւարի դառնութիւնն առնի.
Այս քանի գիշեր եւ ինչքան սիգար
Սպասեմ՝ երազիս դիցուհին յառնի։

Էս քանի գիշեր եւ ինչքան սիգար
Ճակատագիրս նմանեց սուրճի.
Սկզբում տարածեց բոյր հոգեպարար,
Վերջը մնաց դիրտ, նման… ճահիճի։

Գիշերից առնեմ բոյրեր սրճաթոյր,
Միգուցէ վաղն էլ ի՛մ բախտը բացւի.
Այսօր նա գնաց, բայց չգիտէ ո՛ւր,
Գուցէ հարս դառնայ, կամ փոխւի… քածի։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Այդպէս էլ մնաց երազս անկատար,
Իսկ յոյսս դարձաւ արնոտ աղաւնի.
Խմեմ դառն մի սուրճ, ծխեմ դառն սիգար,
Գուցէ խաւարի դառնութիւնն առնի։

10.8.00
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Կենսագրական ակնարկ
Իրանահայ բանաստեղծ եւ թարգմանիչ Վարանդ Քիւրքչեանը (բուն անունով՝ Սուքիաս Յակոբ Գուրջեան ռադ), ծնւել է 1954 թ. Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում: Ուսանել է հայերէնագիտութիւն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր եւ դասաւանդել է իբրեւ հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս:
Վարանդը նախ ընդունակութիւն է ցուցաբերել կերպարւեստի մէջ, սովորել հայ եւ օտարազգի նկարիչների մօտ, շահել գեղանկարչական մրցանակ, ապա իր գրական առաջին փորձերը կատարել է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում:
Այնուհետեւ աշխատակցել է Հայաստանի եւ Սփիւռքի մի շարք հանդէսներին:
Նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Արեւի ճամբով», լոյս է տեսել 1972 թ.՝ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծութիւնների ու պոէմների աւելի քան երկու տասնեակ հաւաքածոներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը» եւ «Կրկներեւոյթը» (Միրաժ) շահել են «Ս. Ներսէս Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքէեան» եւ Բէյրութի «Գէորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները:
1980-1995 թթ. Վարանդը եղել է Թեհրանի «Գեղարդ» երիտասարդական հրատարակչութեան եւ «Ներսէս Շնորհալի» գրական-մշակութային ֆոնդերի կենտրոն-գրասենեակի վարիչ: Հայաստանի «Հայ միասնութեան խաչ» կազմակերպութեանը կատարած բարոյական օժանդակութեան համար պարգեւատրւել է Ա. Մանթաշեանի անւան պատւոգրով:
Վարանդը մաս է կազմել իրանահայ թեմերի ազգային պատւիրակութեանց՝ արտասահմանեան ուղեւորութիւնների մէջ, Հայ Դատին ու մշակոյթին նւիրւած թեմաներով եւ ասմունքներով ելոյթներ է ունեցել «Սորբոն» համալսարանում, միջին արեւելեան եւ եւրոպական երկրներում:Հայաստանի Գրողների միութեան հրաւէրով՝ 1994 թ. Վարանդը այցելել է հայրենիք, միութեան այն ժամանակւայ նախագահ Վահագն Դաւթեանի միջոցով անդամագրւել Հայաստանի Գրողների միութեան: Նոյն թւականին պարգեւատրւել՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ս. Մեսրոպ Մաշտոցի անւան շքանշանով:
1997 թ. Հալէպում լոյս է տեսել դոկտ. Թորոս Թորանեանի գրչին պատկանող «Իրանահայ ոգեշունչ բանաստեղծը՝ Վարանդ» հատորը: 1997-98 թթ. անւանի կինոքննադատ-ռեժիսոր Զաւէն Ղուկասեանը պատրաստել է «Այսօրւայ բանաստեղծը՝ Վարանդ» ժապաւէնը՝ Իրանի պետական ռադիօ-հեռուստատեսութեան հովանաւորութեամբ: Վարանդի ընտրանին պարսկերէնի է թարգմանել ու հրատարակել պարսիկ անւանի հայագէտ ու թարգմանիչ Ահմադ Նուրիզադէն:Բազմաթիւ անգամներ բեմականացւել են նրա «Առիւծասպանն ու արքան», «Նեմեսիսը», «Դերւիշ»-ն ու «Մեծ ջահակիրը» ստեղծագործութիւնները՝ Թեհրանում եւ այլուր:Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակի նախօրեակին քաղաքապետի պաշտօնական հրաւէրով՝ Վարանդը եղել է Ս. Էջմիածնում, որտեղ իր հայրենանւէր ու արգասաւոր գործունէութեան համար «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ պարգեւատրւել է պատւոյ դոկտորայի կոչումով:
1994 թ. Երեւանում, Թեհրանում, Թաւրիզում, Կիպրոսում եւ այլուր նշւել է Վարանդի գրական գործունէութեան 25-ամեակը (հետագայում՝ 30-ամեակը), յոբելեանական հանդէսներով ու գրական երեկոներով: Նրա գրւածքներից տասնեակ կտորներ ձայնագրւել են երգչախմբերի եւ անհատ երգիչների համար:
2002 թ. Վարանդի բառերի հիման վրայ գրւած «Կարաւան» երգը մրցանակ է շահել Երեւանի «Դօ-Ռէ-Մի» էստրադային երգի միջազգային փառատօնում:
2001 եւ 2002 թթ. ԱՄՆ-ի «Իւ. Սի. Էլ. Էյ.» համալսարանի եւ Հայաստանի Գրողների միութեան կողմից ստացել է պաշտօնական հրաւէր՝ մասնակցելու Հայ գրողների համաշխարհային համագումարներին:
2004 թ. նախագահել է իրանահայ պատւիրակութեանը՝ Հայ գրողների համահայկական համագումարում՝ Երեւանում, որի ընթացքում պարգեւատրւել է Մշակոյթի զարգացման բարեգործական հիմնադրամի ոսկէ շքանշանով:
2006 թ. հրաւիրւել է Լոնդոն, ելոյթներ ունեցել «SOAS» եւ «Օկսֆորդ» համալսարաններում եւ այլ կենտրոններում: Նոյն թւականին Կանադայում թողարկւած նրա «Ահա, այս ես եմ» երգերի խտասալիկը շահել է Համահայկական մրցանակ:
Եղել է Բէյրութի «Բագին» բազմամեայ ամսագրի խորհրդի անդամ:
Տարիներ եղել է Իրանահայ գրողների միութեան նախագահ:
Նրա ստեղծագործութիւնները թարգմանւել են՝ անգլերէնի, ֆրանսերէնի, ռուսերէնի, ռումիներէնի, պարսկերէնի եւ ճապոներէնի:
Ներկայիս Վարանդը իրանահայ միակ օրաթերթ՝ 75-ամեայ «Ալիք»-ի խմբագրատանը վարում է գրականութեան եւ արւեստի բաժինը:
Վարանդի հրատարակած աշխատութիւնները
1- Արեւի ճամբով 1972 Թեհրան
2- Արշաւանք (պոէմ) 1973 Թեհրան
3-Հոլովոյթ 1975 Բէյրութ
4- Հողմ հրոց (պոէմ) 1978 Թեհրան
5- Արեւաքար 1978 Թեհրան
6- Շիրխորն ու շահը (պոէմ) 1979 Թեհրան
7- Սիդհարտա (պոէմ-ազատ փոխառութիւն) 1980 Թեհրան
8- Սուր եւ ստւեր 1982 Թեհրան
9- Բոհեմական օրագիր 1988 Թեհրան
10- Մեղքի վարդեր 1989 Թեհրան
11- Անդէնական շշունջներ (պրսկ.) 1989 Թեհրան
12- Նոր նեմեզիդա (պոէմ) 1993 Երեւան
13- Յովհաննու-14 (պոէմներ) 1994 Թեհրան
14- Կրկներեւոյթ (Միրաժ) 1998 Անթիլիաս
15- Անվերադարձ 1999 Թեհրան
16- Մեծ ջահակիրը (կոմպոզիցիա) 2000 Թեհրան
17- Փրփուրից մրուր (ընտրանի) 2000 Թեհրան
18- Գլխատում (պոէմ) 2003 Երեւան
19- Ջերմ ստւերներ 2003 Երեւան
20- Սաւառնող աշուն (պրսկ.) 2004 Թեհրան
21- Շիրխորն ու շահը (Առիւծասպանն ու արքան) (Բ տպագրութիւն) 2004Անթիլիաս
22- Սխրատեսիլ (երեք պոէմա) 2005 Թեհրան
23- Տանգօ -21 2005 Երեւան
24- Դիմակ եւ հայելի 2007 Թեհրան
«COFFEE SHOP»
Այնտեղ ուր դու կաս,
Հիմա լաւ սուրճ կա՞յ.
Իսկ իմ այս սուրճը,
Քո ջերմ բոյրն ունի։

Այնտեղ ուր դու կաս,
Հիմա շշունջ կա՞յ.
Իսկ խշխշացող լուսամուտն այս
Քո գոյնն ունի։

Այնտեղ ուր դու կաս,
Կարօտ կա՞յ հիմա.
Թէ չկայ, նայիր՝
ծովին,
երկնքին,
ծառին առաջին,
Մատղաշին գարնան.
Իմ կարօտը քեզ,
Հիմա այդ ծառի
թարմութիւնն ունի։

23.5.04
Շեմիրան
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ՄԵՂՔ ՄԵՂՐԱԹՈՅՐ
Նստած` քո դատարկ աթոռին նայում,
Կարօտում եմ, սէր, հասակդ վճիտ,
Ոսկէ վարսերիդ ջրվէժն անկայուն,
Ու դեղին շապկիդ մեղրակոյտը պինդ։

Նստած՝ դատարկ քո աթոռին նայում,
Կարօտում եմ քաղցր ժպիտդ մեղսոտ,
Մեղքոտ աչքերիդ մոմերն վառվռուն,
Թաւ շշուկներիդ, երանգը մեղրոտ։

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Նստած՝ քո դատարկ աթոռին նայում,
Եւ ըմպում եմ սուրճ բախտի չափ դառն, սեւ,
Որ մեզ իրարից հեռու է պահում,
Բայց այսքան մեղրով դառնում է Արե՜ւ…։

9.1.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ՄԵՂԱՒՈՐ ՍԷՐ
Դու չկաս, նկարիդ եմ նայում,
Երբ որ գաս՝ նկարդ պիտ յետ տամ.
Քանի որ մեղաւոր է սէրն այս՝
Յանցանք է մի՛ պատկերն անգամ։

Դու չկաս, պատկերիդ եմ նայում,
Ու յուզւում, կարօտում եմ այնքան,
Որ թւում է՝ ե՛ս եմ քո նկարում,
Մեր ես-ը մի մե՛նք է անսահման։

Դու չկաս, նկարիդ եմ նայում,
Վարսերդ՝ վարդ-ծաղիկ ոսկեհուր,
Աչքերիդ՝ ստւերներ անկայուն,
Այտերիդ՝ ճառագայթ ոսկենուռ…։

Դու չկաս, նայում եմ պատկերիդ.
Վատն այն է՝ ասացիր՛ թէ չգաս.
Ենթարկւեմ չզիջող պատւէրիդ՝
Նկարդ պատռոտեմ… հազա՛ր մաս…։

Չէ՞ որ խիստ մեղաւոր է սէրն այս…

23.4.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Sunday 8 July 2007
ԹԷ ՓՇՐՒՈՒՄ. . .
Վախենում եմ կեանքը նենգ
Թեքի ոսկի մեր ուղին,
Ու մենք պարտւած, սրտաբեկ,
Տրւենք… մահւան նկուղին։
Բայց ու՞ր տանենք այդքան լոյս,
Այդքան գարուն, ջերմութիւն.
Ո՛ւր պարփակենք՝ երազ, յոյս,
Այդքան ցնորք, այդքան գոյն։
Ու՞ր ամփոփենք սէր այսքան,
Այսքան կարօտ, այսքան տենչ.
Որտե՜ղ թաղենք այդքան կեանք
Եւ արշալոյս այսքան թէժ։
Գոնէ դառնանք ծաղիկներ,
Աճենք, կանգնենք ուս-ուսի.
Թէ բուրում ենք՝ մէկ եթեր,
Թէ փշրւում՝ միասի՜ն…

23.10.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Ի՜ՆՉ ԼԱՒ Է. . .
Ախ ինչ լաւ է՝ քեզ սիրել ու երազել
Ու ողջ գիշեր անքուն մնալ քեզ համար,
Մթութիւնը երազներով հրկիզել,
Մերկ ճիւղերին կախել աստղեր ոսկեվառ։

Դրսում տեղայ մեղմիկ ձիւն ու հեքիաթներ…
Գորշ երկնքին իշխի ձմեռը մթին.
Երազի մէջ շիթւեն կապոյտ ագաթներ,
Վզնոց դառնան տաք, կաթնագոյն քո կրծքին։

Ու քո սիրով կրկին լինեմ վերացած,
Լռիկ չափեմ ձեր փողոցները կրկին.
Երկնին լռեն տիեզերքը եւ Աստւած,
Իսկ ես չասեմ քո անունը ոչ ոքի…

. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

Ախ ի՜նչ լաւ է՝ քեզ սիրել ու երազել,
Ամբողջ գիշեր անքուն մնալ քեզ համար.
Դու չիմանաս, յետոյ սկսես կասկածել,
Յետոյ սկսես արթուն մնալ… ինձ նման։

27.12.04
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Saturday 7 July 2007
ԿԱՍ — ԿԱՄ
Գիտեմ՝ այս երգը
Էլ համ է հանում-.
Դու քո մահճում ես,
Իսկ ես՝ իմ բնում.
Մեզ բաժանում է
Եւ՛ բախտը անգութ,
Եւ՛ այս ուղին մութ,
Որ չի վերջանում…
Քունս չի՜ տանում։
Գիտեմ՝ այս վէրքը
Հոգի է հանում,
Սառնութիւնն անգամ
Զուր է բարկանում,
Որոշում չկայ,
Չկայ վարանում,
Մեղքի ատեանում
Քունս չի՜ տանում…։
Լռել է անգամ
Անուրջը՝ քնում,
Կամուրջը՝
Կեանքի-մահի սահմանում,
Ճչացող վարդը՝
Զարդ-ծաղկամանում…
Քունս չի՜ տանում…

Գիտեմ՝ այս տաղը
Հեռու է տանում,
Մերթ խորթանում է,
Մերթ մտերմանում,
Մերթ անջատւում է
Ու մերթ միանում…։
Անջրպետում եմ,
Աստղ-երազների
Խաղաղ վրանում,
Բայց սա ի՞նչ խաղ է,
Բայց սա ի՞նչ տաղ է…
Քունս չի՜ տանում…

11.1.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ՕՐԵՐ ԱՌԱՆՑ ՔԵԶ
Օրեր առանց քեզ` կը գան, կը գնան,
Խուլ ու անհեթեթ, սին՝ իրար նման,
Կրկին կը խշշայ տանդ դէմ բարդին,
Աչքերը դրած մեր ճամբին ունայն։
Օրեր առանց քեզ՝ կը գան, կը գնան,
Ցուրտ ու անկրակ, փուչ՝ իրար նման.
Կը չոքի սարը քո պատուհանին,
Դատարկ կը մնայ արահետ-կածան։
Ձեր արւարձանից մինչ թաղը մեր հարթ
Յետայսու պիտի լինի… քաւարան,
Որտեղ թօշնում են սիրոյ բողբոջ-վարդ,
Ու բարձրանում են խաչե՜ր, կախաղա՜ն։
Մեր փողոցներից մինչ թաղը ձեր լայն
Յետայսու պիտի փչի տաք քամի,
Բերելով պոկւած էջեր քերթութեան
Մի մութ, մեղաւոր սիրամատեանի։
Դատարկ աթոռներ, սին ըմպանակներ
Սրճարաններում մեր հանդիպումի.
Մայթեր ամայի, ցամաք վտակնե՜ր,
Ուր՜ շունչ էր, հունչ էր, հանդէս էր գոյնի։
Օրեր առանց քեզ՝ կը գան, կը գնան,
Մի փունջ կը կիզւի պատշգամբի պատին.
Աչքերը դրած մեր ճամբին ունայն
Կրկին կը խշշայ տանդ դէմ բարդին…

16.5.03
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
«ՏԱՆԳՈՅԻ ՏԱՐԻ‏»
Իրիկուն, դու տխուր իրիկուն,
Թէժ նւագ, թախծութիւն անսպառ,
Նոր սանդուղք, նոր պատշգամբ, նոր մի տուն,
Երազի, զգացման ոսկեդա՜ր…
Իրիկուն, անսպառ իրիկուն,‏
«Եւ՛ թախիծ, եւ՛ յուշեր, եւ՛ նւագ».
Մերթ խամրող, մերթ վառւող, բռնկուն
Ցանկութիւն։ Աչքերի սեւ դանակ։
Իրիկուն, յուշերի՜ իրիկուն,
Նոր աշխարհը թող խենթի պար պարի,
Դու մնա աննկուն ու կանգուն,
Խենթ սիրոյ՝ տանգոյի դու տարի։

8.6.97
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
ՆՈՅՆ ՀՐԱՇՔՆ ԵՍ…
Հեռու-հեռւից, շա՜տ հեռւից կրկին քեզ եմ յիշել ես,
Ու երազներս անթիւ թեւ են առել դէպի քեզ։
Այս էլ քանի՜ ձիգ տարի անցան, անդարձ գնացին,
Ու յուշերը մեր հրկէզ մոռացումով կնքեցին։
Մաղեց անձրեւ, փչեց հով ու մերթ քամի կատաղի,
Որ փշրեցին թերթ առ թերթ մեր խենթ վարդերը դեղին։
Ծագեց հազար արշալոյս տաճարների կատարին,
Բայց ոչ մէկից ոչ մի յոյս չշողաց մեր կրծքերին։
Ճամբաները կտրեցին թէ մեր սիրտը, թէ՛ իրար,
Հորիզոնում մնաց մի խառն, թափթփւած, սին աշխարհ։
Մտանք հազար սրճարան, տրւեցինք տաք գաւաթի,
Բայց ոչ մէկում չբացւեց փակ կծիկը մեր բախտի։
Ու վերջապէս վճռեցինք մտահանել էլ իրար,
Իբրեւ երկու անծանօթ՝ յաւիտեան խորթ եւ օտար։
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Հիմա նորից եմ յիշել ու նայում եմ դէպի քեզ.
Լաւ է կեանքին չես զիջել՝ նոյն հրաշքն ես իմ հրկէզ…

21.9.04
« Տ Ա Ն Գ Օ – 21 »
Ի ՍԿԶԲԱՆԷ
Եւ ի սկզբանէ Սէրն էր դաւաճան,
Եւ ի սկզբանէ Սէրն էր դաւաճան։
… Տղան սաստիկ էր սիրում աղջկան
Ու միշտ ասում էր «իմ սիրտն ես դու»,
Եւ երբ աղջիկըԴարձաւ խիստ էժան
Ու գերադասեց ուրիշ մի մարդու,
Տղան զէնք դրեց իր սրտի վրայ,
Որ նախ եւ առաջ սպանի նրան …
Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…

10.7.95
« Տ Ա Ն Գ Օ – 21 »