Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
Monday 9 July 2007
Կենսագրական ակնարկ
Իրանահայ բանաստեղծ եւ թարգմանիչ Վարանդ Քիւրքչեանը (բուն անունով՝ Սուքիաս Յակոբ Գուրջեան ռադ), ծնւել է 1954 թ. Թեհրանում: Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում: Ուսանել է հայերէնագիտութիւն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր եւ դասաւանդել է իբրեւ հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս:
Վարանդը նախ ընդունակութիւն է ցուցաբերել կերպարւեստի մէջ, սովորել հայ եւ օտարազգի նկարիչների մօտ, շահել գեղանկարչական մրցանակ, ապա իր գրական առաջին փորձերը կատարել է «Ալիք պատանեկան» երկշաբաթաթերթում:
Այնուհետեւ աշխատակցել է Հայաստանի եւ Սփիւռքի մի շարք հանդէսներին:
Նրա բանաստեղծութիւնների առաջին ժողովածուն՝ «Արեւի ճամբով», լոյս է տեսել 1972 թ.՝ Թեհրանում, ապա հրատարակել է բանաստեղծութիւնների ու պոէմների աւելի քան երկու տասնեակ հաւաքածոներ, որոնցից «Բոհեմական օրագիրը», «Մեղքի վարդերը» եւ «Կրկներեւոյթը» (Միրաժ) շահել են «Ս. Ներսէս Շնորհալի», Հայաստանի «Վահան Թեքէեան» եւ Բէյրութի «Գէորգ Մելիտինեցի» գրական առաջին մրցանակները:
1980-1995 թթ. Վարանդը եղել է Թեհրանի «Գեղարդ» երիտասարդական հրատարակչութեան եւ «Ներսէս Շնորհալի» գրական-մշակութային ֆոնդերի կենտրոն-գրասենեակի վարիչ: Հայաստանի «Հայ միասնութեան խաչ» կազմակերպութեանը կատարած բարոյական օժանդակութեան համար պարգեւատրւել է Ա. Մանթաշեանի անւան պատւոգրով:
Վարանդը մաս է կազմել իրանահայ թեմերի ազգային պատւիրակութեանց՝ արտասահմանեան ուղեւորութիւնների մէջ, Հայ Դատին ու մշակոյթին նւիրւած թեմաներով եւ ասմունքներով ելոյթներ է ունեցել «Սորբոն» համալսարանում, միջին արեւելեան եւ եւրոպական երկրներում:Հայաստանի Գրողների միութեան հրաւէրով՝ 1994 թ. Վարանդը այցելել է հայրենիք, միութեան այն ժամանակւայ նախագահ Վահագն Դաւթեանի միջոցով անդամագրւել Հայաստանի Գրողների միութեան: Նոյն թւականին պարգեւատրւել՝ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Ս. Մեսրոպ Մաշտոցի անւան շքանշանով:
1997 թ. Հալէպում լոյս է տեսել դոկտ. Թորոս Թորանեանի գրչին պատկանող «Իրանահայ ոգեշունչ բանաստեղծը՝ Վարանդ» հատորը: 1997-98 թթ. անւանի կինոքննադատ-ռեժիսոր Զաւէն Ղուկասեանը պատրաստել է «Այսօրւայ բանաստեղծը՝ Վարանդ» ժապաւէնը՝ Իրանի պետական ռադիօ-հեռուստատեսութեան հովանաւորութեամբ: Վարանդի ընտրանին պարսկերէնի է թարգմանել ու հրատարակել պարսիկ անւանի հայագէտ ու թարգմանիչ Ահմադ Նուրիզադէն:Բազմաթիւ անգամներ բեմականացւել են նրա «Առիւծասպանն ու արքան», «Նեմեսիսը», «Դերւիշ»-ն ու «Մեծ ջահակիրը» ստեղծագործութիւնները՝ Թեհրանում եւ այլուր:Հայաստանում քրիստոնէութիւնը պետական կրօն հռչակելու 1700-ամեակի նախօրեակին քաղաքապետի պաշտօնական հրաւէրով՝ Վարանդը եղել է Ս. Էջմիածնում, որտեղ իր հայրենանւէր ու արգասաւոր գործունէութեան համար «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ պարգեւատրւել է պատւոյ դոկտորայի կոչումով:
1994 թ. Երեւանում, Թեհրանում, Թաւրիզում, Կիպրոսում եւ այլուր նշւել է Վարանդի գրական գործունէութեան 25-ամեակը (հետագայում՝ 30-ամեակը), յոբելեանական հանդէսներով ու գրական երեկոներով: Նրա գրւածքներից տասնեակ կտորներ ձայնագրւել են երգչախմբերի եւ անհատ երգիչների համար:
2002 թ. Վարանդի բառերի հիման վրայ գրւած «Կարաւան» երգը մրցանակ է շահել Երեւանի «Դօ-Ռէ-Մի» էստրադային երգի միջազգային փառատօնում:
2001 եւ 2002 թթ. ԱՄՆ-ի «Իւ. Սի. Էլ. Էյ.» համալսարանի եւ Հայաստանի Գրողների միութեան կողմից ստացել է պաշտօնական հրաւէր՝ մասնակցելու Հայ գրողների համաշխարհային համագումարներին:
2004 թ. նախագահել է իրանահայ պատւիրակութեանը՝ Հայ գրողների համահայկական համագումարում՝ Երեւանում, որի ընթացքում պարգեւատրւել է Մշակոյթի զարգացման բարեգործական հիմնադրամի ոսկէ շքանշանով:
2006 թ. հրաւիրւել է Լոնդոն, ելոյթներ ունեցել «SOAS» եւ «Օկսֆորդ» համալսարաններում եւ այլ կենտրոններում: Նոյն թւականին Կանադայում թողարկւած նրա «Ահա, այս ես եմ» երգերի խտասալիկը շահել է Համահայկական մրցանակ:
Եղել է Բէյրութի «Բագին» բազմամեայ ամսագրի խորհրդի անդամ:
Տարիներ եղել է Իրանահայ գրողների միութեան նախագահ:
Նրա ստեղծագործութիւնները թարգմանւել են՝ անգլերէնի, ֆրանսերէնի, ռուսերէնի, ռումիներէնի, պարսկերէնի եւ ճապոներէնի:
Ներկայիս Վարանդը իրանահայ միակ օրաթերթ՝ 75-ամեայ «Ալիք»-ի խմբագրատանը վարում է գրականութեան եւ արւեստի բաժինը:
Վարանդի հրատարակած աշխատութիւնները
1- Արեւի ճամբով 1972 Թեհրան
2- Արշաւանք (պոէմ) 1973 Թեհրան
3-Հոլովոյթ 1975 Բէյրութ
4- Հողմ հրոց (պոէմ) 1978 Թեհրան
5- Արեւաքար 1978 Թեհրան
6- Շիրխորն ու շահը (պոէմ) 1979 Թեհրան
7- Սիդհարտա (պոէմ-ազատ փոխառութիւն) 1980 Թեհրան
8- Սուր եւ ստւեր 1982 Թեհրան
9- Բոհեմական օրագիր 1988 Թեհրան
10- Մեղքի վարդեր 1989 Թեհրան
11- Անդէնական շշունջներ (պրսկ.) 1989 Թեհրան
12- Նոր նեմեզիդա (պոէմ) 1993 Երեւան
13- Յովհաննու-14 (պոէմներ) 1994 Թեհրան
14- Կրկներեւոյթ (Միրաժ) 1998 Անթիլիաս
15- Անվերադարձ 1999 Թեհրան
16- Մեծ ջահակիրը (կոմպոզիցիա) 2000 Թեհրան
17- Փրփուրից մրուր (ընտրանի) 2000 Թեհրան
18- Գլխատում (պոէմ) 2003 Երեւան
19- Ջերմ ստւերներ 2003 Երեւան
20- Սաւառնող աշուն (պրսկ.) 2004 Թեհրան
21- Շիրխորն ու շահը (Առիւծասպանն ու արքան) (Բ տպագրութիւն) 2004Անթիլիաս
22- Սխրատեսիլ (երեք պոէմա) 2005 Թեհրան
23- Տանգօ -21 2005 Երեւան
24- Դիմակ եւ հայելի 2007 Թեհրան