Բայց ի սկզբանէ Սէրն էր անվախճան…
Monday 30 July 2007
ԱՆՁՐԵՒԱՅԻՆ ԱՌԱՒՕՏ
Այս անձրեւոտ առաւօտ, այս միգապատ առաւօտ,
Քեզ եմ յիշել կրկին ես, իմ հարազատ հեռու-մօտ.
Ջնջել էի իմ մտքից ու հոգուց տեսքդ ծանօթ,
Սակայն եկել ես կրկին հմայքներով արեւոտ։

Այս անձրեւոտ առաւօտ, քե՛զ եմ յիշել, սէր իմ խենթ,
Որ բռնեցիր անյայտի ձեռքը յանկարծ, հեռացար.
Չհեռացար իմ սրտից, բայց թւացիր արահետ,
Որ մոլորւում է յաւէտ պուրակների մէջ անծայր։

Այս միգապատ առաւօտ քեզ եմ յիշել, սէր իմ խենթ,
Որ բռնեցիր օտարի, անծանօթի ձեռքը միշտ.
Իմ երազում դու նորէն կապւել էիր մէկի հետ,
Բայց այս անգամ պատկերն այդ ինձ չբերեց ոչ մի վիշտ։

Զի տեսնելդ ինձ համար բաւարար էր, սիրելիս,
Զի քերթողի համար լոկ բաւարար է մէն մի թել…
Զի՝ «Ուրիշները միայն քեզ օգնում են հանւելիս,
Սիրում եմ քեզ, քանզի դու օգնում ես լոկ հագնւել»։

* * *

Հիմա քաղաքն է փայլում, մաքրւելով իր մէգից,
Փոքրիկ արեւ է ծագում, օդը թեթեւ է… դայլայլ…
Մարդն էլ այդպէս է փրկւում սրտի խոցից ու վէրքից,
Նա կարօտով է մաքրում հոգու թխպերը մռայլ…

12.3.99
« Տ Ա Ն Գ Օ – 21 »